Ի՞նչ է իրականում տեղի ունեցել «Չաո Բամբինո» մանկական սրճարանում. երկու կողմերի պարզաբանումը դեպքի հետ կապված
Համաձայն ֆեյսբուքում տարածված տեսանյութի և լուսանկարի՝ երեկ «Չաո-Բամբինո» մանկական սրճարանում տեղի ունեցած ծննդյան արարողության ժամանակ փուչիկներ են պայթել, որից երեխաներ են տուժել:
Դեպքի մասին մանրամասներ իմանալու նպատակով՝ Operativ.am-ի թղթակիցը կապ հաստատեց «Չաո Բամբինո» մանկական սրճարանի տնօրենի հետ, ով հաստատեց, որ նման միջադեպ եղել է:
«Այո, մեկ փուչիկ է պայթել: Պայթունի ձայնից երեխաները վախեցել են, սակայն ոչ ոք չի տուժել: Այրվածքի դեպք չի գրանցվել»,-ասաց տնօրեն Գրիշա Հարությունյանը:
Դեպքի հետ կապված Operativ.am-ի թղթակիցը կապ հաստատեց նաև տուժող կողմի հետ: Երեխաներից մեկի ծնողն առավել մանրամասն ներկայացրեց դեպքը.«Պայթել է 3 փուչիկ, որոնք հելիում գազի փոխարեն լցված են եղել մեթան-պրոպանով, որը նախատեսված է մեքենաների համար (նույնը գազով փուչիկները լցված էին նաև հրապարակի համերգի ժամանակ, որի պայթունից, մարդիկ խոր այրվածքներ ստացան): Հելիումն այրվող գազ չէ: Պայթունից 3 երեխա է վնասվել»,-ասաց Նաիրի Բարսեղյանը:
Նրա խոսքով՝ բժիշկներն իր և եղբոր երեխաների այրվածքները 1-ին և 2 -րդ կարգի են որակել, սակայն հիմա երեխաների մոտ ամեն ինչ կարգին է:
Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 19-ին՝ 20:00-20:30 ընկած ժամանակահատվածում:
Կարինե Գևորգյան