Մեծ Բրիտանիան շուրջ 150 մլն դոլար կհատկացնի մուսուլմանական համայնքների պաշտպանության համար
Մեծ Բրիտանիայի կառավարությունը 117 մլն ֆունտ ստեռլինգ (մոտավորապես 150 մլն դոլար) կհատկացնի երկրում աճող իսլամաֆոբիայի ֆոնին մուսուլմանական համայնքների պաշտպանության համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
«Մեր հասարակության մեջ հակամուսուլմանական ատելությունը տեղ չունի։ Մենք թույլ չենք տա, որ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները որպես պատրվակ օգտագործվեն բրիտանացի մուսուլմանների նկատմամբ բռնություններն արդարացնելու համար», - ասել է Բրիտանիայի ներքին գործերի նախարար Ջեյմս Քլևերլին։
Reuters-ը նշում է, որ մուսուլմանների դեմ իրականացվող միջադեպերն արձանագրող Tell Mama խումբը հոկտեմբերի 7-ից ի վեր՝ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև ընթացող պատերազմի ընթացքում, արձանագրել է նման միջադեպերի աճ 335 %-ով։
Նոր ֆինանսավորման մասին հայտարարվել է հրեական խմբերի անվտանգությունն ավելացնելու համար լրացուցիչ միջոցներ խոստանալուց 1 շաբաթ անց։ Ըստ Բրիտանիայի կառավարության՝ նոր ֆինանսավորումը կօգտագործվի մզկիթների, մուսուլմանական կրոնական դպրոցների և այլ համայնքային կենտրոնների պաշտպանության համար: Նախարարը պարզաբանել է, որ գումարը ծախսվելու է անվտանգության միջոցառումների վրա, որոնք ներառում են ազդանշանային համակարգը, ցանկապատերը և տեսախցիկները։