Հայաստանում չի լինի մի իշխանություն, որը հող կհանձնի. Վահրամ Բալայան
Չնայած խոստմանը, որ Արցախը պետք է դառնա բանակցությունների կողմ, վարչապետի և ՀՀ արտգործնախարարի՝ Արցախի խնդրով հանդիպումների ժամանակ այդ հարցը չի բարձրացվում։
Դավոսում օրերս Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո էլ ՀՀ վարչապետը հայտարարեց, որ դա պատահական հանդիպում էր, իրենք ոչ թե բանակցել են, այլ քննարկում ունեցել բանակցությունների ֆորմատի և այլնի վերաբերյալ։
ՀՀ իշխանությունների այս պահվածքը որոշակի անհանգստություններ է առաջացրել Արցախում, արցախցիների համար անհասկանալի գործընթացներ են տեղի ունենում՝ մի կողմից հայաստանյան իշխանությունների հերքումները, որ Արցախի ժողովրդի թիկունքում դավադրություններ չեն լինի, մյուս կողմից՝ Ադրբեջանի լավատեսական հայտարարությունները։
Երեկ Արցախի ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ-ական Վահրամ Բալայանը մեզ ասաց, որ բանակցությունները պետք է ընթանան Արցախի իշխանությունների լիարժեք մասնակցությամբ, ՀՀ իշխանությունը պարտավոր է միջազգային հարթակներում հանդես գալ Արցախի անկախության և անվտանգության երաշխավորի հանձնառությամբ․ «Քանզի և հանրաքվեով, և Սահմանադրությամբ Արցախի ժողովուրդն իր կամքը հայտնել է»։
Դուք է՞լ եք համարում, որ Փաշինյանն ու նախարարը ոչ թե բանակցում են, այլ ուղղակի հանդիպում։ «Ինչպե՞ս թե, ի վերջո, ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարներն իրար հետ հանդիպել են, և բավականին երկար քննարկումներ են եղել, պարոն վարչապետը 1.5 ժամ հանդիպել է, իսկ սա նշանակում է, որ որոշակի քննարկումներ, բանակցություններ կան»։
Բալայանը հույս չունի, թե Ադրբեջանը պատրաստ է հարցին «իրական» լուծում տալ․ «Նրանց հավակնությունները մեծ են, ախորժակը մեծ է, ու պետք չէ միամիտ լինել, Ռուսաստանից և Բելառուսից միլիարդավոր զենքը չի գնվել, որ թանգարանների պատից կախվի, դա մի օր կրակելու է հայերի վրա, և մենք հենց դրան պետք է պատրաստվենք, ոչ թե ասենք՝ դե ոչինչ, բանակցելով հարցին լուծում կտանք։ Մենք պետք է զինենք մեր բանակը, եթե ուժեղ լինենք, մեզ հետ հաշվի կնստեն։ Ինչքան մենք դրան պատրաստվենք, պատերազմը մեզանից այնքան հեռու կլինի։
Հիշեք, թե երբ Արցախը դարձավ բանակցությունների կողմ՝ երբ հայր Ալիևը 1991-94 թվականներից հետո սկսեց խոսել Արցախի հետ, ինչպես ասում են՝ աշխարհն այդպես է առաջնորդվում՝ ուժն է ծնում իրավունք»։
Նիկոլ Փաշինյանի իշխանության շրջանում հաճախացել են խոսակցությունները, որ այս իշխանությունը եկել է «հող հանձնելու», այդ մասին արդեն հայտարարություններ են անում ռուսաստանյան փորձագետները՝ նման համաձայնագրի ժամկետ նշելով հունիս ամիսը։
Այդուհանդերձ, ՀՅԴ-ականը համոզված է, որ Հայաստանում չի լինի մի իշխանություն, որը «հող կհանձնի»․ «Չի լինի որևէ իշխանություն, որը կգնա այնպիսի քայլերի, որ հակասի հայ ժողովրդի շահերին, մեր հայրենիքը հո չե՞ն բերել մեզ նվիրել, ազատագրական պայքարի միջոցով ենք մենք այն ձեռք բերել, հայորդիներ են զոհվել։
Եվ ամեն իշխանություն պետք է պատասխան տա համայն հայության համար, հետևաբար, նման բան չի կարող լինել։ Մյուս կողմից էլ սպասել, տեսնել, թե որևէ գերտերություն ինչ որոշում պիտի ընդունի, չեմ կարծում, թե դրա վրա պետք է հույս դնենք, մենք մեր երկիրը պետք է հզորացնենք․ սա է մեր հույսը»։