Բերման ենթարկելիս ո՞ւմ ոտքն էր փորձում ջարդել կարմիրբերետավորը. ՀՔԾ-ն որոնում է տուժողին
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Հանրապետության հրապարակից ոստիկանության աշխատակիցների կողմից 22.04.2018թ.-ին բերման ենթարկվող քաղաքացու ինքնությունը` տուժող ճանաչելու եւ այլ դատավարական գործողություններ կատարելու, ինչպես նաեւ քրեական գործի բոլոր հանգամանքները բացահայտելու նպատակով:
ՀՔԾ-ից հայտնում են, որ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ, 308-րդ հոդվածի 1-ին եւ 309-րդ հոդվածի 2-րդ մասերով դեռեւս ապրիլի 22-ին քրեական գործ է հարուցվել 2018 թվականի ապրիլի 13-ից Երեւան քաղաքի փողոցներում եւ հրապարակներում անցկացված հավաքների ընթացքում ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ անցնելու առերեւույթ հանցագործությունների առթիվ:
Մասնավորապես, նախաքննություն է իրականացվում ՀՀ ոստիկանության եւ իրավապահ մարմինների այլ պաշտոնատար անձանց կողմից վերոհիշյալ դեպքերի ընթացքում բերման ենթարկված քաղաքացիների, այդ թվում` լրագրողների եւ փաստաբանների նկատմամբ բռնություն գործադրելու ավելի քան 70 դրվագով:
Քրեական գործով քննության ենթակա դրվագներից է նաեւ համացանցում տարածված «կարմիրբերետավորը բերման ենթարկելիս փորձում է կոտրել քաղաքացու ոտքը» վերտառությամբ տեսագրությունը, որտեղ երեւում է, թե ինչպես են ոստիկանության աշխատակիցները Հանրապետության հրապարակից 22.04.2018թ.-ին ուժի գործադրմամբ բերման ենթարկում քաղաքացուն:
Տեսագրության մեջ երեւացող քաղաքացուն կամ նրան ճանաչող անձանց խնդրում ենք ներկայանալ Հատուկ քննչական ծառայություն կամ զանգահարել 099 060266 հեռախոսահամարով` դեպքի բոլոր հանգամանքները բացահայտելուն ուղղված քննությանն աջակցելու նպատակով:
Նախաքննությունը շարունակվում է։