Կանևսկոյի գերեզմանին եկած քրեականների մեծ մասը դեռ Հայաստանում է. ովքեր են եղել
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ դեկտեմբերի 18-ին Հայաստան են ժամանելու բազմաթիվ քրեական հեղինակություններ Ռուսաստանից ու տարբեր երկրներից` մասնակցելու օրենքով գող Արմեն Կանևսկոյի մահվան հերթական` 7-րդ տարելիցին: Նրանց դիմավորել է Արմեն Կանևսկոյի եղբայրը` Արտյոմը:
Մեր տեղեկություններով` քրեական հեղինակությունների քանակն այս տարի աննախադեպ մեծ է եղել` 600-ից ավելի մարդ է ժամանել Հայաստան: Նրանց մի մասը դեկտեմբերի 15-ից սկսած է ժամանել: Հիմնականում եկել են Ռուսաստանի Դաշնության տարբեր մարզերի օրենքով գողեր, նաև` հեղինակություններ Հունաստանից: Կանևսկոյի` Շահումյանի գերեզմանատանը գտնվող շիրիմին այցելելուց հետո հյուրերը գնացել են այդ տարածքում գործող «Սան Լազար» սգո սրահ` սեղանի շուրջ իրենց «ախպորը» հիշելու:
Ներկաների քանակն այնքան մեծ է եղել, որ սրահի երկու հարկերն էլ լեփ-լեցուն են եղել, իսկ մեքենաներն էլ մոտ մեկ ժամ չեն կարողացել դուրս գալ տարածքից: Ներկաների մեծ մասը դրսի հյուրեր են եղել: Տեղական հայտնի հեղինակություններից էլ, մեր տեղեկություններով, գրեթե մարդ չի եղել, քանի որ Կանևսկոյի «կռուգը»՝ ի դեմս Արտյոմի, հայաստանյան քրեական հեղինակությունների հետ մտերմություն չի անում:
Տեղական հայտնի դեմքերից եղել է 90-ականների հայտնի հեղինակություն, ազգությամբ եզդի Ճակոյի եղբայրը՝ Ռաֆոն, ով նույնպես օրենքով գող է: Ներկա են եղել նաև ԱԺ նախկին պատգամավորներ Բուռնաշը՝ Աշոտ Աղաբաբյանը, և ԲՀԿ-ական Վահան Կարապետյանը՝ Չերրիի Վահանը:
Մենք տեղեկացանք, որ դրսից ժամանած հյուրերի մի մասը՝ Կանևսկոյի ամենամտերիմները, մնացել են Հայաստանում, դեռ չեն մեկնել ու այս օրերին իրենց ժամանակն անցկացնում են հիմնականում Կանևսկոյ Արտյոմի հետ: Հյուրերի հիմնական մասը սովորաբար հանգրվանում է Արթուր Բաղդասարյանի եղբորը պատկանող «Իմպերիալ» հյուրանոցում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում