Հայտնի է Նոր Նորքի «Երևան Սիթի»-ում տեղի ունեցած սպանության պատճառը
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի 60-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ։
Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի պաշտոնական կայքից, 2017 թվականի դեկտեմբերի 22-ին՝ ժամը 12:00-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Նոր Նորքի 1-ին զանգվածի շուկայի մոտից ձախ վերանրակային շրջանում կտրած-ծակած վերքերով իրենց մոտ է տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ Լ.Ասատրյանի դիակը։
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետ Դավիթ Գևորգյանի գլխավորությամբ: Կատարվել է դեպքի վայրի զննություն։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, ստեղծվել է քննչական խումբ: Մշակվել է քննչական պլան, առաջ քաշվել աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ։
Քրեական գործով Երևանի 60-ամյա բնակիչը ճանաչվել է տուժող, իսկ նրա կինը՝ տուժողի իրավահաջորդ: Հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձին, ինչպես նաև՝ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Մեր տեղեկություններով, նա «Երևան Սիթի» սուպերմարկետի տարածքում գործող շուկայում զբաղվում է պտուղ-բանջարեղենի վաճառքով, իսկ վիճաբանությունը ծագել է ապրանքի քաշի պատճառով:
Ավելի վաղ Operativ.am-ը տեղեկացրել էր‚ որ այսօր ժամը 12-ի սահմանում «Երևան Սիթի» սուպերմարկետում 60-ամյա տղամարդ է սպանվել: