Շիրակի դատախազի ցուցումով ազատ է արձակվել ձերբակալված Մնացական Ալեքսանյանը
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը քննիչին ցուցում է տվել ազատ արձակել ձերբակալված, Սառնաղբյուրի բնակիչ Մնացական Ալեքսանյանին և խափանման միջոց ընտրել՝ ստորագրությամբ չհեռանալը:
Ի դեպ, այսօր Գյումրիում նախապես ծրագրված էր ավոտերթ՝ որն ըստ էության թերևս չի կայանա: Նման անակնկալ ու շրջադարձային գործողությունների ընթացքը հատկապես երեկվա՝ դատախազությունում տեղի ունեցած փակ խորհրդակցության ֆոնին, ակամա մի բանի մասին է հուշում. իշխանություններն առայժմ որոշել են ամեն գնով պահել հավասարակշռությունն ու հանդարտությունը և թույլ չտալ աղմուկ բարձրանալուն, գոնե մինչև Պերմյակովի հարցն իր վերջնական լուծումը գտնի, այլապես, հուզումների երկրորդ ալիքը կարող է իրոք լինել անկանխատեսելի՝ հատկապես Բերձորի դեպքերից հետո:
Նշենք, որ անկախ Գյումրիում տիրող թվացյալ հանդարտությունից, գյումրեցին, որ այս դեպքում կարող է լիովին համարվել հայ ժողովրդի սամուրայական հատվածը, դեռ սպասում է կենտրոնական իշխանությունների քայլերին իր պահանջատիրության բավարարման պահով ու դեռ չի ձեռնարկել համարժեք միջոցառումներ հուսալով, որ իր արածը սեփական երկրի իշխանավորները կկարողանան պահել ու հերթական նվաստացումը չեն հրամցնի իրենց ժողովրդին:
Գևորգ Գրիգորյան